Архив рубрики: Չարենց

Չարենցի մահը

Փորձագետներից շատերը համոզված են, որ Չարենցի դեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը բանաստեղծ Գևորգ Աբովն է եղել: Նա Չարենցի մասին ասում էր. «Ընկերներ, մեզ բոլորիս համար պարզ է, որ Չարենցն ունեցել է նացիոնալիստական ռեակցիոն տրամադրություն, դա դաշնակցական կոնցեպցիա է»:

Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան: Այս ծանր ժամանակաշրջանում Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր մի տեսարանի: Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին: Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր…
Անտանելի ցավերի պատճառով նա ստիպված էր ամեն օր դեղեր ընդունել: Նրա դեղերը վերջացել էին, ցավերից գալարվում էր: Կինը՝ Իզաբելլան, խնդրում է Իսահակյանին, որ այդ դեղերից հայթայթի: Իսահակյանը խոսք է տալիս և կատարում է իր խոստումը: Որքան էլ շատերին զարմանալի թվա, ըստ որոշ վկայությունների, այդ դեղ կոչվածը մորֆի էր:
Ամենամեծ ցավը հենց այդ գրասեղանի վաճառքն էր, որի վրա ամեն օր Չարենցը գրում էր այն գործերը, որոնք պիտի դառնային հայ գրականության նշանավոր էջերը: Իր գործերի մեջ նա իր հոգին էր դրել, դրա համար էլ լաց եղավ, երբ ստիպված եղավ վաճառել այդ հասարակ, բայց և այնքան թանկ ու հարազատ իրը:
1937թ.-ի հուլիսի 26-ին Չարենցին հանում են տնային կալանքից ու տանում բանտ: Նա մեղադրվում էր խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու համար:
Բանտում էլ շարունակում էր ստեղծագործել: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 6-ին կնոջը գրում է. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»:
Իզաբելան ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա.Միկոյանին նամակ է գրում և խնդրում ազատել Չարենցին՝ հաշվի առնելով նրա անմեղությունն ու առողջական վիճակը: Ըստ որոշ տվյալների՝ Բերիայի վարձկան լրտեսների «թեթև ձեռքով» այդ նամակն անգամ հասցեատիրոջը չի հասել: Չարենցի օգտին գրված բոլոր նամակները հետագայում գտնում են Բերիայի գրասեղանի գզրոցում:
Նույն թվականի նոյեմբերի 27-ին հաղորդվում է, որ Չարենցը մահացել է բանտում, որտեղ էլ դիահերձվել է: Սակայն դրանից մեկ ամիս առաջ նա Իսահակյանին գրում էր, որ հոգով պայծառ է ու առույգ: Եթե նա մահացել է նման հանգամանքներում, ապա ինչո՞ւ նրա մարմինն օրինավոր չհուղարկավորվեց, որևէ կոնկրետ տեղում չհանձնվեց հողին: Սա շատերին հիմք է տալիս կարծելու, որ նա նման հանգամանքներում չի մահացել:
Չարենցի ծննդյան հարյուրամյակի առիթով «Մոլորակ» հանդեսում լույս է տեսնում մի հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» խորագրով: Հոդվածում նկարագրվում է, որ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդ, ով գնդապետ էր և արժանացել էր Լենինի շքանշանի, եղել է Չարենցի դահիճներից մեկը: 1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան կոմիսար Մուղդուսի գլխավորությամբ, ով նաև կազմակերպել էր Վահան Թոթովենցի սպանությունը, Չարենցը հանվում է Երևանի իր բանտախցից և տեղավորվում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին Մուղդուսին, Չարենցը, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ:
Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ Մուղդուսին արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»:
Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել: Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը:
Այս պատմությունը հետագայում՝ 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին: Վերջինս էլ այս վկայությունը հրատարակել է «Մոլորակ» հանդեսի 1997թ.-ի մարտի 18-ի համարում:

Օմար Խայամ | ՔԱՌՅԱԿՆԵՐ

Վաղն ի՞նչ կտա, բայց ո՞վ գիտե և ճշմարիտն ո՞վ կասի,
Գինի տուր ինձ, ուրախանանք այս լուսնի տակ, իմ լուսին,
Շատ գիշերներ դեռ կշողա նա երկնքում այսպես ջինջ,
Բայց չի գտնի մեզ այս կյանքում ու չի հիշի մեր մասին։

 

«»«»«»

Անուշաբույր ու կաթնաթույր, Տեր իմ, ղու ես արարել ինձ,
Գեղահասակ, նման բարդու ու նոճու ես արարել ինձ,
Բայց այնպես Էլ չհասկացա, աշխարհի ճոխ այս խնջույքում,
Ո՜վ նկարիչ արարչագործ, թե ինչու՞ ես արարել ինձ:

«»«»«»

Ես եմ, գինին, նվագածուն եւ խուլ անկյունն այս գինետան,
Ո’չ ահ ունեմ դատաստանի եւ ո’չ էլ հույս ողորմության,
Սիրտս ու հոգիս ողողել եմ մրուրի մեջ կարմիր գինու,
Օ՜, ազատ եմ հող ու ջրից, հուր ու քամուց ես հավիտյան:

«»«»«»

Սիրտ իմ այս մութ առեղծվածի պատասխանին չես հասնի, չէ,
Կորովամիտ իմաստունի միտք ու բանին չես հասնի, չէ,
Քանի դեո կաս կյանքը դրախտ դարձրու գինով անապական,
Վերին դրախտ, ի՞նչ իմանաս, կհասնե՞ս թե՞ չես հասնի, չէ:

«»«»«»

Չորս ու յոթի մատյանում ու հաշվում ես դու,
Յոթ ու չորսի կրակն ընկած մաշվում ես դու,
Ճանապարհն այս գնացողը ետ չի գալու,
Օրերի հետ ճամբով անդարձ քշվում ես դու։

«»«»«»

Ամպերն ելան արտասվեցին այս նորաբաց կանաչներում,
Ինչպե՞ս ապրել առանց գինու այս ցողաթաց կանաչներում,
Այսօր մենք ենք քեֆի նստել մարգերի մեջ այս նորածիլ,
Վաղը ո՞վ է հարբելու մեր հոդից ծլած կանաչներում:

«»«»«»

Բախտիդ տունկը երբ փթթել է այսօր այսպես ճոխ ու փարթամ,
Գավդ ինչու՞ է գինուց դատարկ, միտքդ ինչու՞՛ է այդպես տարտամ.
Գինի խմիր, ժամանակն է անագորույն քո թշնամին,
Ոչ մի գնով ետ չես բերի օրերն անցնող ջահելության:

«»«»«»

Անցած օրը ետ կանչելդ իզուր ջանք է, սիրելիս,
Վաղվա մասին անրջելդ լոկ պատրանք է, սիրելիս,
Այս վայրկյանը մի կորցրու առանց գինի, առանց սէր,
Քեզ մնացած բաժին կյանքի գինր թանկ է, սիրելիս:

«»«»«»

Ա՜խ, մինչեւ ե՞րբ միտք ու հոգու երակն ընկած ծխաս պիտի,
Չորս ու հինգի, վեց ու յոթի միջում մոլոր մնաս պիտի,
Ապավինիր գինու գավին, խմիր բաժակը խնդության,
Երբ չգիտես թե որտեղի՞ց եկար եւ ու՞ր գնաս պիտի:

«»«»«»

Աշխարհ եկա, բայց իմ գալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Անփառունակ իմ գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Ու ոչ ոքից չլսեցի խելքը գլխին պատասխան,
Թե իմ գալուց ու գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ:

«»«»«»

Վեր կաց, սաղի, ազատիր ինձ այս ցավից.
Սիրտս հանիր այս աշխարհի գրավից,
Բեր մի սափոր գինի խմենք միասին,
Քանի սափոր դեռ չեն շինել մեր կավից:

«»«»«»

Ո՜վ չարխ, ինչքան չար ու շառ կա դաոն ու դաժան սրտի մեջ քո,
Ինչքա՜ն ավեր ու ավար կա խել ու խուժան սրտի մեջ քո,
Հող, քո կուրծքը եթե ճեղքեն, անզուգական ու թանկագին
Ինչքա՜ն ակներ ու գոհար կա այս դրուժան սրտի մեջ քո:

«»«»«»

Մեզնից առաջ նոր ու հին Է եղել Էլի,
Տիեզերքը իր բանին Է եղել Էլի,
Այնտեղ, ուր դու ոտք ես կոխում, իմ սեւահոն,
Մի գեղուհու աչքի բիբն Է եղել Էլի:

«»«»«»

Խայամն ասաց,- Ծփուն ծովում պատ շարելուց հոգնել եմ ես,
Այս կռապաշտ քրմապետի տաճար գալուց հոգնել եմ ես,
Ո՞վ Է մտել դրախտից ներս, կամ դժոխքից ո՞վ Է դարձել,
Դժոխային այս խոսքերին ականջ տալուց հոգնել եմ ես:

«»«»«»

Այս կուժն ինձ պես սիրո խեւ է եղել մի,
Սեւամազից օրը սեւ Է եղել մի,
Կեռած կանթը որ տեսնում ես իր վզին,
Յարի վզովն ընկած թեւ Է եղել մի:

«»«»«»

Եթե կույր չես, աչք իմ, գերեզմանը տես,
Խառն ու շփոթ այս աշխարհի բանը տես,
Արքաներ ու իշխաններ են հողի տակ,
Սիրուններին մրջյունի բերանը տես։

«»«»«»

Քան կեղծավոր աոաքինու սքեմ առնես դու քո ուսին,
Լավ է հարբես դու պար բռնես սիրունների հետ միասհն,
Թե դժոխքի բաժին դառնան գինի խմող ու սիրահար,
Թեկուզ դրախտ, բայց ո՞վ կուզի արժ՚անանալ նրա տեսին:

«»«»«»

Երկնասլաց պալատների պարսպի տակ ամրակուռ
Արքաներն են քնած հիմա, թողած գահերը թափուր,
Ատամնավոր աշտարակին տեսա թառած մի ուրուր,
Ձայն Էր տալիս տարակուսած. ՝՝ ու՞ր են, ու՞ր են, ախ ու՞ր, ու՞ր։՝՝

«»«»«»

Ճամբիս վրա ամեն օր վաղ լուսաբացից կաթնաթույր
Չարխի դիմաց կանգնած խոնավ իր նկուղում հողաբույր,
Շաղախելով ձեռքն աղքատի եւ գլուխը մեծատան,
Կավագործը կարասներին կանթ Էր դնում ու կափույր։

«»«»«»

Հույսի ծառին բերք գտնեի, երանի՜,
Բան հասկացող խելք գտնեի երանի՜,
Ա՜խ մինչեւ ե՞րբ այս գոյության զնդանում.
Դեպ անգոյը ելք գտնեի երանի։

Չարենց, ռուբայաթներ

   Ռուբայի արաբերեն բառ է, որը նշանակում է քառապատկված։ Ռուբայաթները բանաստեղծության մի տեսակ են․դրանք արևելյան ոճի քառյակներ են։ Ռուբայները բնորոշ են աշուղական քնարերգությանը։

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ) – քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ:                                                    

                                                                             I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

II

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

III

 

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

—————————————-

ռուբայի — գրկն. քառյակ:

[ էջ 311 ]

IV

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

V

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

VII

Օ, խմի՛ր, խմի՛ր դու ագահ.
Օ, խմի՛ր անդադար այս հատնումը.
Կորածը— իրեն նա գտնում է,
Եվ իր այդ գտնումով — չկա։

VIII

Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

IX

Էյ, դո՛ւ, իմաստո՛ւն վարպետ,
Որ տաշում ես, տաշում այդ քարերը.

[ էջ 312 ]

Քո ամե՛ն մի, ամե՛ն մի զարկին
Իր նիշը արդեն նա դրել է։

X

Նա կրկին ասում է.— «Գարունը
Ծաղկելու է էգուց վարդերով իր»։
Սակայն ո՞ր արևն է հուրհուրում այդ
Եվ ո՞վ է այդ նո՜ր արտևորը…

XI

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

XII

Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

XIV

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

[ էջ 313 ]

XV

Դու ոսկի գրիչ ունես, դու այնպես իմաստո՛ւն ես,
Ինքդ քեզ հրաժեշտ ես ասում, ինքդ քեզ կրկի՛ն ընդունում ես,
Գիտես, որ՝ լինելով է լինում, հատնելով է անհատնում այս տունը—
Եվ մի՛շտ ծիծաղկուն է հոգիդ ու սիրտդ՝ մշտապես խնդո՛ւն է։

XVI

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

XVII

Նա գնաց ու կրկին եկավ— երեկվա իմ սիրած սիրեկանը,
Բայց տեսա, որ արդեն չկա— երեկվա իմ սիրած սիրեկանը։
Կանգնած է մի երրո՛րդը դեմս.— այդ նա չէ՛ այլևս, նա չէ՛.—
Եկած է— ու կարծես չեկած— երեկվա իմ սիրած սիրեկանը։

XVIII

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:

XIX

Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.
Կգնաս, կանցնես աշխարքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։

[ էջ 314 ]

— Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ.
Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։

XX

Ինչ թո՜ւնդ է քո գինին, իմաստո՛ւն, նրանից իմ հոգին հարբում է.
Դա գինի՞ է, թե խո՞սք է ազդու, նրանից իմ հոգին հարբում է.
Խմելո՛ւ ես, մահով իմ սերած, խմելու ես դու է՛լ այս գինին,
Եթե այս պարտեզը գաս դու.— նրանից իմ հոգին հարբում է։

XXI

Դու քսում ես հոնքերիդ սուրմա1 — դու անհոգ ես.
Ինչո՞ւ է տրտնջում զուր նա— դու անհոգ ես.
Ես գիտեմ թե՛ տրտունջը նրա, թե՛ քո այդ պայծառ խնդությունը
Տո՛ւր դու ինձ մանկություն, տուր մա՛հ,— դու անհոգ ես։

XXII

Դու ինքդ քո մեջ միասիրտ.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է.
Դու տրվում ես մեզ մի՛շտ միասին.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՜ս է.
Բացվում ես, լինում, գոյանում— հառնելով հենց ի՛նքդ քո դեմ՝
Պատմում ես մի՛շտ քո մասին.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է:

XXIII

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է

———————————

1 սուրմա — ծարիր:

[ էջ 315 ]

Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

XXIV

Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.
Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։

XXV

Այդ դերվիշը — տեսե՛ք՝ նա նստած ուզում է ըմբռնի ու հասնի,
Իր մտքի թևերին վստահ ուզում է ըմբռնի ու հասնի.
Նա կարծում է, որ փոխվում է ամբողջը, և իր միտքն է միայն, որ կայուն է,—
Եվ այդպես՝ անշարժ ու հաստատ՝ նա ուզում է ըմբռնի ու հասնի…

XXVI

Դու ասիր՝ նայել, հասկանալ ու սուզվել, դառնալ անէ1.—
Նա ասաց՝ լինել, կատարել, ներծծել հուրեր ու շողեր։
Դու ասիր՝ ամփոփել ամբողջը, հաշտըվել ու խաղաղ լինել,—
Նա ասաց՝ ամբողջի՛ն տիրանալ, որպեսզի ամբողջը — փոխել։

XXVII

Դու ասիր՝ անէ՛ է ամբողջը, աչքերիդ իջած մի շղա՛րշ է.
Դու գերի՛ ես, մա՛րդ, ուղեղիդ, ուղեղիդ անէ վանդակին։—

—————————-

1 անէ — գոյություն չունեցող (էակ), անգո:

[ էջ 316 ]

Նա անդուլ պնդում համարեց թե ուղեղը այդ, թե շղարշը—
Եվ ելավ, որ փոխի այդ շղարշը — և մահին խնդաց խնդագին։

XXVIII

Նա կուզեր, որ լինի անէ,
Որ թվա լոկ, լոկ լինի հարց,
Բայց կանգնած է նա, ահա տե՛ս—
Մշտածուփ, մշտափոխ ու կարծր։

XXIX

Թե արևը այրում ու կիզում է — նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը.
Ամեն ինչ անհաստատ ու հոսուն է. նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը.
Օ, գիտե՛ս դու աշխարհի լեզուն և գիտես, որ կամքդ՝ այդ լեզուն է,—
Իսկ հիմարը դեռ ափսոսում է. նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը։

XXX

Ասում են՝ վիթխարի հերոս, հանճարեղ է եղել Իսքյանդարը
Շարժել է, խառնել է իրար ազգեր ու ցեղեր Իսքյանդարը.
Բայց գիտե՛ս դու շարժումն ու ընթացքը և գիտես՝ չլիներ թե ընթացքը—
Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր Իսքյանդարը:

XXXI

Հետևա՛նք ես դու, իմաստո՛ւն,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Բայց դո՛ւ էլ ես, դո՛ւ էլ ես ազդում,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Դու ուզում ես, որ ազա՞տ լինես.— ուրեմն հասկացի՛ր ճանապարհ
Եվ փոխի՛ր, որ հաստատ գաս տուն,— այս մեկը դու լա՛վ իմացիր։

[ էջ 317 ]

XXXII

Մի հարուստ է անցնում փողոցով,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՜ն ինքնագոհ է.
Մի ժպիտ կա դեմքին խոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է.
Նա կարո՞ղ է հասկանալ, այդ հիմարը, որ շուրջը ուռճանում է իր մահը
Եվ տեսնել այդ ձեռքը սղոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է։

XXXIII

Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել այս տունը.
Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել այս տունը։—
Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու հիմերը—
Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինած մի զնդա՛ն է անձև այս տունը։

XXXIV

Մի հարուստ դերվիշ էր եկել, նա ասում էր, թե ցնո՛րք է կյանքը.
Անիմաստ, անգո մի տեսիլ, երկնային մի շնո՛րհք է կյանքը.
Դու շարժե՞լ ես արդյոք բազուկներդ, վաստակե՞լ ես արդյոք ու հոգնել,—
Ուրեմն գիտե՛ս դու անշուշտ, թե ինչո՞վ է, որ նորք է կյանքը։

XXXV

Դու հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում միայն աշխատել ես.
Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն աշխատել ես,

[ էջ 318 ]

Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես, որ ամե՛ն ինչ փոխվում է.—
Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքը— դու կյանքում միայն աշխատել ես։

XXXVI

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում — և ոչինչ քեզ հար չթվաց,
Դու տեսար մոտիկն ու հեռուն — և ոչինչ քեզ հար չթվաց.
Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան հիմերի կործանումը—
Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար չթվաց։

XXXVII

Դեռ երեկ քո միտքը խավար էր,— իմաստուն ես արդեն հիմա դու.
Դու տեսար վիթխարի այս արարը,— իմաստուն ես արդեն հիմա դու.
Դու տեսար պատմության խոզանոցը, մխացիր ճենճերում դու նրա—
Եվ գիտես, թե ո՛վ է խոհարարը… Իմաստուն ես արդեն հիմա դու:

XXXVIII

Քեզ տրված է կյանքը, որ լինես՛— ու ոչինչ երազ չթվա,
Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։

XXXIX

Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է
Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում — դա կամուրջ է.

[ էջ 319 ]

Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում.
Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է։

XL

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

XLI

Ծովափին նստած է մի մարդ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն.
Նայում է ծովին նա հանդարտ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն.
Նա զվարթ ժպտում է ծովին, նա սիրում է հոսուն այդ անհունը—
Բայց ահա հեռանում է անդարձ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն։

XLII

Նա ուզում է գտնել մի կշիռ — ու չափել նրանով ամբողջը,
Ունենալ անխախտ մի հաշիվ — ու չափել նրանով ամբողջը.
Նա սիրում է «հավերժը» միայն, ախ, նայե՛ք՝ նա փնտրում է «կայունը» —
Եվ գտնում է մի… գինու շիշ — ու չափում նրանով ամբողջը։

XLIII

Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ—
Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։

[ էջ 320 ]

XLIV

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։

Արփենիկ Չարենցի հուշերից

ԵՍ ԾՆՎԵՑԻ
Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:
 
ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:
Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:
 
ՏՈՆԱԾԱՌ
Ու որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք: Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում  թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով քայլող մի սաղարթ:
—  Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.
—  Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:
Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:
—  Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված:
   Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:
 
ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ
Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:
—  Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:
—   Աբով,- ասացիր:
—    Աբովն ի՞նչ է,- նորից հարցրի:
—     Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր:
Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:
 
ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ
Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր:
 տոնածառ, Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ  մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:
Մակագրություն`ինձ նվիրած գրքի վրաԲոլոր նոր լույս ընծայած գրքերիդ վրա մակագրել ես ու նվիրել ինձ:Իսկ մի գիրք էլ կա,որ թանկ է ինձ համար,քան աշխարհի գրքերը բոլոր:Գաբրիել սունդուհյանի «Ամուսիններ» կոմեդիան է,ու ժամանակին Գ.Սունդուկյանը նվիրել էր իր կնոջը`Սոֆի Սունդուկյանին հետևյալ մակագրությամբ.«Սոնա ջան,թող քո մաքուր կենցաղը պաշտպանե գրվածքիս իմաստն ու նպատակը և թող քո բարեկրթության ճառագայթը լուսազարդե այն պատկերները,որ ես նկարագրել եմ սրա մեջ:Քո Գաբրիել»:
Տիկին Սոֆին էլ իր հերթին նվիրել էր քեզ` ի երախտագիտություն քո թափած ջանքերի Գ.Սունդուկյանի երկհատորյակը խմբագրելու և հրատարակելու գործում:Դու էլ քո հերթին նվիրել ես ինձ հետևյալ մակագրությամբ`
«Իմ դուստր Արփենիկ,
Սիրիր հանճարը հայ,որ դարեր շարունակ մաքառել է-
Եվ իբրև իր փառքը վերջին,քո հորն է լուսաշխարհ բերել…»:Եղիշե Չարենց

Չարենց, Ութնյակներ արևին

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա1.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.

* * *

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

* * *

Տեսնում եմ՝ արևի վրա
Վրնջում են ձիեր ոսկենալ,
Մերկացել են աղջիկները խելառ,
Ու ծծում են շրթերը նրա։

———————————

1 ծնծղա — հարվածային երաժշտական գործիք, փխբ. գովասանք, փառաբանություն:

[ էջ 58 ]

Բորբոքվել են շրթերը շոգ,
Համբուրում, բուրում են կեզ,
Վախենում են — մնան անշող.—
— Ախ, այնպե՛ս ուզում եմ — քեզ։

* * *

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ1, ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—
Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,
Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…

Չարենցը իր ժամանակակիցների հուշորում

Դանիել Դզնունու հուշերից

Ամեն անգամ, երբ հանդիպում էի նրան փողոցում կամ ընտանիքում, ժողովում կամ թատրոնում, նա մշտապես առույգ էր ու արագաշարժ: Բայց երբեմն նա տաքարյուն էր, խոհական ու էպիկական, երբեմն սիրառատ ու քնքուշ՝ իր քնարական բանաստեղծությունների նման, հեգնող ու մերկացնող՝ իր քաղաքական երգիծանքի նման: Ու թվում էր ինձ, որ Չարենցը կա, նա մեր մեջ է, մեր գրապահարանում դրված հատորից նայում է մեզ իր հոնքերի տակից, իմաստուն ժպտում: Նրա կարճատև կյանքը մշտական որոնումների և անդուլ մաքառումների տարիներ էին:
Առաջին անգամ Չարենցին հանդիպել եմ Երևանում 1922թ. սկզբներին: Երևան տեղափոխված մտավորականների մի խումբ ապրում էր Օ. Խայամի փողոցում գտնվող հյուրանոցում: Հյուրանոցում իր կնոջ հետ մի փոքրիկ սենյակում ապրում էր Ե. Չարենցը: Եղիշեն հաճախ էր լինում իր հարևանների շրջանում և երկար զրուցում նրանց հետ գրականության և թատրոնի մասին: Իր անձնական կյանքում նա շատ ջերմ ու սիրող ամուսին էր: Արփիկը նրա համար ամենից առաջ կյանքի ընկեր էր, ինչպես ինքն էր ասում՝ «հերոսական ընկեր», նրա ստեղծագործական աշխատանքի ոգևորողը, որն իր հերթին անհուն սիրով կապված էր Եղիշեի հետ, ներում էր նրա բոլոր «չարությունները», ուրախանում նրա հաջողություններով: Հատկապես ուզում եմ ընդգծել Արփիկի անհուն հոգատարությունը ամուսնու նկատմամբ: Արփիկը Չարենցի հետ էր ամեն քայլափոխի, եռանդով մասնակցում էր բոլոր վիճաբանություններին՝ անցնելով Եղիշեի կողմը: Վերջինս էլ կատակում էր. «Քանի Արփիկս իմ կողքին է, ես անխոցելի եմ, ինչպես Աքիլլեսը»:
Հաճախ կարելի էր տեսնել Չարենցին մեր հյուրանոցի միջանցքի ծայրին կամ բակի կողմը նայող պատշգամբում՝ շրջապատված իր հարևաններով: Երբեմն նա կատակում էր իրեն շրջապատող կանանց հետ՝ խոսելով նրանց կենցաղային անհարմարություների, սնունդի և այլ դժվարին պայմանների մասին: Նրա այդ սրամիտ, զվարճալի զրույցները ամբողջապես հագեցած էին լավատեսությամբ ապագայի նկատմամբ:
Իր որոնումների նման անհարթ էր Չարենցի անձնական կյանքը, որի ամեն մի շրջադարձը խոր ապրումներ է պատճառել պոետին: Հատկապես ցնցող էր այն մեծ վիշտը, որ դաժան մահը պատճառեց նրան՝ խլելով իր կյանքի լավագույն ընկերոջը՝ Արփիկին: Շատ ջանք թափեցին ընկերները, մինչև որ կարողացան վերականգնել նրա հոգեկան հավասարակշռությունը:

Վահրամ Ալազանի հուշերից

Ես տեսել եմ Եղիշե Չարենցին, եղել նրա ընկերն ու բարեկամը. հավետ անհանգիստ, ծովային փոթորկին նմանվող հանճարեղ այդ մարդուն, մեծ պոետին ու քաղաքացուն: Նա եղավ, բոցավառվեց որպես վիթխարի մի խարույկ և հանգավ իմ սերնդի աչքերի առաջ:
1922-24 թթ. իմ հարաբերությունները Չարենցի հետ մտերմական դարձան: Այդ թվականներին ես և կինս՝ Մարոն, մոտիկից ծանոթացանք Չարենցի կնոջ՝ Արփենիկ Աստվածատրյանի հետ, որը 20-ական թվականների ամենազարգացած, ամենալուրջ, ամենահավասարակշռված հայ կանանցից մեկն էր և Չարենցի հոգատար ընկերը: Հասակի հարցում եթե բնությունը ժլատ էր վարվել Չարենցի նկատմամբ, ապա նա խիստ առատաձեռն էր եղել Արփենիկի նկատմամբ՝ տալով նրան ավելի սլացիկ, ավելի տիրակալ հասակ: Երբ անհաջող վիրահատումից վախճանվեց Արփիկը, նրա մահը մինչև հոգու խորքը ցնցեց մեծ բանաստեղծին: Արփիկի վիշտը ցնցել, խեղճացրել էր Չարենցին. ցերեկ ու գիշեր իր սենյակում փակված՝ վիրավոր առյուծի նման մռնչում էր ցավից:
Տարիներ անցան: 1932 թ. գարնանն էր: Չարենցը, հավաքած իր գրական ընկեր-բարեկամներին, անցնում էր Երևանի փողոցներով: Չարենցը գնում էր առջևից, իսկ մենք, դպրոցական աշակերտների նման, հետևում էինք նրան: Նա, ձեռքերն աջ ու ձախ տարածելով, ցույց էր տալիս մեզ Երևանի նորակառույց շենքերը, փողոցներն ու հրապարակները: Նա իրեն այնպես էր պահում, կարծես ինքը քաղխորհրդի նախագահը կամ առնվազն գլխավոր ճարտարապետը լիներ, իսկ մենք լուսնից ընկած անտեղյակ մարդիկ: Տարված և ոգևորված իր խոսքերով՝ չնկատեց և մեզ դեմ արեց շինարարական մի մեծ ցեխակույտի, ապա ետ դառնալով, ասաց.
— Տղե՛րք, ինչ դժվար է վոժդ լինելը: Տեսնու՞մ եք, բերի և ձեզ գցեցի ցեխերի մեջ:
Նորակառույց մի շենքի առաջ կանգնելով՝ նա թախծոտ հայացքով նայեց մեզ ու ասաց.
— Է՜խ, տղերք ջան, հոյակապ է դառնալու մեր մայրաքաղաքը: Երանի նրան, ով կտեսնի 1950 թվականի Երևանը: Ես որ չեմ տեսնելու, չգիտեմ՝ դուք ինչպես:

1920-1921 — ՏԱՂԱՐԱՆ

Արփիկին

Հդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,
Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.
Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
Սայաթ–Նովա

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…

* * *

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

————————

1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:

[ էջ 50 ]

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

* * *

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։

———————————

1 հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
2 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
3 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
4 էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
5 գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:

[ էջ 51 ]

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

* * *

Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի1 քաղաքումը,—
Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի2 պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

* * *

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

——————————

1 Գյուրջստան — Վրաստան
2 չիքիլա — շղարշ, երեսի քող:

[ էջ 52 ]

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

* * *

Ես մե հարբած դուքանդար2 եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,
Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային—
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման,
Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,
Հարբած՝ խալխի նոքար3 դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։

Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին — գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

* * *

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

——————————

1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
3 նոքար, նոքյար — գվռ. ծառա:

[ էջ 53 ]

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։

* * *

Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։

Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ1 մրգեր ըլին շարած
Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։

Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։

Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։

Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
Սմեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։

* * *

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՛
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

————————

1 ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:

[ էջ 54 ]

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն1, համառ է, ասին։

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։

* * *

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։

Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։

Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։

Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր2 ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։

Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։

————————————

1 աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
2 մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ. խումար, գինով, թեթև հարբած:

[ էջ 55 ]

* * *

(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)

Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
Հազա*ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։

* * *

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։